Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/6/2022
share

«Մոտկորի զարգացման միավորում» է ստեղծվել

«Մոտկորի զարգացման միավորում» է ստեղծվել։ Նախաձեռնության հեղինակը «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոսյանն է։ Հուշագրի տակ ստորագրել է 15 կազմակերպություն։  

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամ

«Բարձունք» գիտակրթական ռազմավարական կենտրոն ՀԿ

«Խարույկ» արշավական ակումբ

«WWF Հայաստան» հիմնադրամ

«Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոն ՓԲԸ

«Սպիտակ ջոկատ» ՀԿ

«Մեծ Մոտկոր» ՍՊԸ

«Խոսքի Իշխանություն» ՀԿ

«4rd.am» լրատվական կայք

«Էկոնյուզ» լրատվական

«Կենսաբանների հայկական միություն» ՀԿ

«Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ

«Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ

«Արցախի տիկնիկային արվեստների գործիչներ» ՀԿ

«Ահնիձորի զարգացման հիմնադրամ»

«Կանաչ ուղի» ՀԿ

«Կանաչների կուսակցություն»


«Մենք՝ ներքոստորագրյալներս, մտահոգ Լոռվա մարզի Մոտկորի տարածաշրջանի (Թումանյան խոշարացված համայնք) հանրության, բնակավայրերի, շրջակա միջավայրի ներկայով ու ապագայով, հայտարարում ենք «Մոտկորի զարգացման միավորում» նախաձեռնության ստեղծումը։
Հայտարարում ենք, որ «Մոտկորի զարգացման միավորում»-ը հասարակական կազմակերությունների, գործարարների, հիմնադրամների, անհատների, ինքնակամ համախմբում է «Մոտկոր՝ հատուկ գոտի» հայեցակարգի շուրջ, հանուն Մոտկորի տարածաշրջանի, Լոռվա, Հայաստանի Հանրապետության զարգացման, հանուն մարդու և միջավայրի ներդաշնակման, հանուն մեր ներկայի և ապագայի, մեր սերունդների և մեր բնության հարատևման»,-գրել են նախաձեռնության հեղինակները և նշել, որ այս մտահոգությունները կիսող կազմակերպությունները և անհատները կարող են միանալ նախաձեռնությանը։

Նախաձեռնությունը «Մոտկոր» հատուկ գոտի զարգաման և պահպանության ծրագիր է ներկայացրել։
«ՄՈՏԿՈՐ» ՀԱՏՈւԿ ԳՈՏԻ
(«ՄՈՏԿՈՐ» ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ-ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՏՈւԿ ԳՈՏԻ)

Պահպանության և զարգացման ծրագիր

ՎԱՅՐԸ. Հայաստանի Հանրապետություն, Լոռվա մարզ, ներկայիս Թումանյան համայնք` Մոտկորի գյուղախումբ` Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր գյուղեր (ժողովրդական-պատմա-մշակութային ինքանվանումը՝ Մոտկոր), ապա և նույն համայնքի Դսեղ և Չկալով գյուղեր, Թումանյան քաղաք, Քոբայր - շուրջ 6000 բնակիչ ըստ պաշտոնական տվյալների:
ՄԻՋԱՎԱՅՐԸ. Նույն գյուղախմբի բնական միջավայրը՝ նախալեռնային, լեռնային, անտառածածկ գոտի ( նախկին «Դսեղի անտառտնտեսություն» ՀՀ էկոնոմիկայի նախարարության Անտառային կոմիտե` «Հայանտառ» ՊՈԱԿ), ընդհանուր տարածքը՝ շուրջ 16000-18000 հեկտար։
Հավանական տրամաբանական ընդլայնումը. ռելյեֆային – բնապահպանական միջանցքների սկզբունքի գրագետ կիրառման դեպքում` Գուգարաց լեռնաշղթայով, մարզի Դեբետ, Եղեգնուտ, Վահագնի, Ծաղկաշատ, Հաղպատ բնակավայրերն ու նրանց միջավայրը:
ԳՐԱՎՉՈւԹՅՈւՆԸ.
Հարաբերական մեկուսացվածություն, սակավամարդություն և կոմպակտություն։ Հարուստ, անտառոտ, կանաչ ունիկալ միջավայր: Պատմա-մշակութային չուսումնասիրված, վատ ուսումնասիրված բազմաթիվ շերտերի, բնակավայրերի, հուշարձանների առկայություն` ՄՈՏԿՈՐ: Մշակութային ինքնության հզոր քարտ - հաղթաթուղթ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւՄԱՆՅԱՆ, ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ:
Մոտ է Ալավերդուն, Սանահինին, Հաղպատին (միջին հեռացածությունը` 10-30 կմ), Վանաձորին (միջին հեռացածությունը մոտ 30-50 կմ), Դիլիջանին և Հաղարծնին (մոտ 20 կիլոմետր Ահնիձորից և Աթանից). Տավուշում Դիլիջանի նախկին արգելանոցի (Դիլիջան ազգային պարկ ) դեռ պահպանված կենդանական աշխարհը հիմնականում տեղափոխվել է այս գոտի: Մյուս կողմից` Դիլիջանի էապես արագ ընթացող զարգացումը կարող է զարկ տալ Մոտկորի ՝ որպես էկոմշակութային, զբոսաշրջային, ագրո գոտու, զարգացմանը, կարող է զբոսաշրջային լեռնային ուղի - արահետներ ձևավորել Մոտկորի և նշված հարևան բնակավայրերի, ապա և Ծաղկաշատ-Հաղպատի, Ենոքավան-Իջևան-Խաշթառակի, Նոյեմբերյան քաղաքի և ենթաշրջանի գյուղերի և նրանց` Մոտկորին անմիջապես սահմնակից` նրանց արոտավայրերի և ուրթերի հետ։
Շատ հարուստ բնական, անտառային, պատմա-ճարտարապետական և հնագիտական, մշակութային, հարաբերականորեն քիչ աղճատված միջավայր, որ վատ է ուսումնասիրված և ունի հարուստ պոտենցիալ։
Բնակչության բարիացկամություն, համագործակցելու, ներգրավվելու ցանկություն (վստահություն ձևավորելու դեպքում), բավարար, միջինից բարձր գրագիտություն։
ԽՆԴԻՐՆԵՐԸ.
Բնակչության աղքատություն կամ սոցիալ-տնտեսական անապահով վիճակ։
Աշխատազրկություն և ինտենսիվ արտագաղթ։
Նախաձեռնողականության և կամքի ճնշվածություն և կոտրվածություն, օտարում միջավայրից
Բնական միջավայրի անխնա շահագործում, ոչնչացում - անտառահատումներ, փոքր ՀԷԿ-եր, հանքերի առկայություն կամ դրանց բացման սպառնալիք, չարտոնված որս և այլն։
Պարզունակ անասնապահություն, գյուղական տնտեսության վարման ոչ էֆեկտիվ ձևեր, հողի սպառվածություն։
Ճանապարհների, էլեկտրամատակարարման, գազի մատակարարման, ջրային ռեսուրսների անխնամ, անբարվոք վիճակ:
ԳԱՂԱՓԱՐԸ. Համայնքի բնակավայրերի ներգրավմամբ, հասարարարան կառույցների, ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների, հանրային-ժողովրդական ֆոնդավորման, հովանավորների և իհարկե, պետական կառույցների հետ համագործակցելով ձևավորել
մշակութային-բնապահպանական-գյուղատնտեսական հատուկ գոտի.
Ա. Գերակա առաջնահերթություն ճանաչելով համայնքի և հարակից բնակավայրերի իրավիճակն ու պահանջարկը, ծանոթանալով առկա իրավիճակին և հնարավորություններին, վերլուծել դրանք և նախաձեռնել փոքր և միջին բիզնեսի յուրահատուկ ծրագրեր։ Այդ նպատակով դիմել, համագործակցել հասարարական, միջազգային կառույցների, ՀՀ կառավարության ու իր ստորաբաժանումների հետ:
«Մոտկոր» հատուկ գոտում ներդնել`
Էկո, ապա նաև օրգանական գյուղատնտեսություն և առաջադեմ տեխնոլոգիաներ. հատկապես անասնապահություն, մեղվապահություն և թռչնաբուծություն, հատապտուղների, դեղաբույսերի, թրմողու, ուտելի կանաչեղենի (ժողովում) արտադրություն և այլն։
Բնապահպանական գիտա-զբոսաշրջային, զբոսաշրջային, գիտական նախագծեր:
Մշակութային, բնապահպանական, պատմական զբոսաշրջության ծրագրեր:
Հյուրատներ, վրանատեղեր, լեռնային հետիոտն, հեծյալ, հեծանվային և այլ զբոսաշրջություն:
Բ. ՀՀ կառավարության և նրա համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկել և հաստատել տարածքի և նրա հատվածների` սեգմենտների կարգավիճակ(ներ)ը՝ համաձայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունների, կիրառելով միջազգային փորձը, միջազգային մշակութային և բնապահպանական օրենսդրության առաջադեմ և գերակա նորմերը։
Գ. Որպես վայրի բնության և անտառի կառավարման ժամանակակից համաշխարհային նորագույն փորձի տեղայնացման աշխատող և հեռանկարային մոդել` տեղում ձևավորել բնության, մշակույթի, պատմության հատուկ պահպանվող տարածքներ (ազգային պարկ, արգելավայր, արգելոց և այլն),
Ստեղծել «Մոտկոր» կամ Մոտկոր-Գուգարաց ազգային պարկ `«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին «Դսեղի անտառտնտեսության» տարածքը` 15500 հա և հաստիքային միավորները տեղափոխելով այդ պարկի կառավարմանը՝ ըստ անհրաժեշտության ավելացնելով կամ կրճատելով հաստիքային միավորները։
Դ.Ուսումնասիրել տարածքի ընձեռած բնական-բնապահպանական, պատմա-մշակութային հնարավորությունները։ «Մոտկոր» գոտում ներդնել բնապահպանական և բնօգտագործման ժամանակակից, էֆեկտիվ համակարգեր, գիտական ծրագրեր, այդ թվում՝ բնական ու պատմական-հնագիտական չուսումնասիրված, վատ ուսումնասիրված շերտերի, դրանցում, ըստ անհրաժեշտության, ձևավորելով և առանձնացնելով պատմա-մշակութային հնավայր-արգելոցներ:
ԲՆՈւԹՅՈւՆ. ուսումնասիրված չեն և անհայտ են տարածքի սողուններն ու երկկենցաղները, բուսական աշխարհը, բացի ծառատեսակներից, ուսումնասիրված է խիստ թերի, տարածքում վերականգնողական անտառաբուծության և վերականգնողական կենդանաբուծության փայլուն հնարավորություններ կան;
ՊԱՏՄԱ-ՀՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ.«Մոտկոր» և «Քարինջ», «Ահնիձոր» - «Ահնիզորավոր», «Մարց», «Սոթ» տեղանունները վկայությունն են միջավայրում դեռ նախապատմական դարաշրջանից առկա անհայտ, կամ վատ հայտնի շերտերի (Օր.` «Քարինջ»-«Քարահունջ» պարզ ու ակնհայտ զուգամիտում է, իսկ «Մոտկոր»-ը, միջնադարյան անհետացած քաղաք է. այդ են վկայում տեղում առկա բազում շինությունները, խաչքարերը լեռներում և անտառներում)։
Ե. Գոտու առաջնահերթ զսարգացման համար օգտագործել արդեն իսկ առկա գրավչական հնարավորությունները.
ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԾՐԱԳՐԵՐ.
Օժանդակել արդեն իսկ առկա մեղվաբուծական, անասնապահական պոտենցիալին՝ թռչնաբուծական և անասնապահական, կաթնա-մսամթերքի արտադրության փոքր և միջին բիզնեսի ծրագրեր ներդնել՝ արտադրանքի էկոլոգիական առանձնահատուկ որակի, ապա և սերտիֆիկացված՝ օրգանականության գրավչության գործածմամբ։
Ծառերի տնկարանների, հատապտղարանների, օրգանական պարարտանյութի՝ հումուսի փոքր և միջին բիզնեսների հիմնադրում։
Տարածքից վերացած կամ վերաոցող կենդանատեսակների վերականգնման, վերաբնակեցման ծրագրերի մշակում և իրականացում.
1920-ականներին Հայաստանում բնաջնջվել է Ազնվազարմ եղջերուն, ըստ միջազգային ուսումնասիրությունների և առկա փորձառության՝ տեսակի վերականգնումը կարող է գիտա-բնապահպանական շահավետ բիզնես ծրագիր դառնալ։
ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ-ՊԱՏՄԱԿԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈւԹՅՈւՆ.
Համայնքներում ստեղծել հյուրատներ կամ ավելացնել արդեն իսկ առկաների քանակը (օր.` Դսեղում, Թումանյանում)։ Ձևավորել օրիգինալ՝ ամառային կացարան հյուրատների ցանց լեռներում՝ ամառային արոտավայրերի ժամանակավոր բնակատեղերում (ուրթեր), այդ նպատակներով դրամաշնորհների դիմելով, գտնելով համաֆինանսավորման և այլ տարբերակներ։
Գոտու ներսում մշակել և ներդնել ժամանած հովեկների հետիոտն, հեծանվային, ամենագնացներով կամ հեծյալ շրջագայության երթուղիներ։ Գոտին երթուղիներով կապել հարակից տարածքների հետ՝ Հաղարծին, Հաղպատ, Սանահին, Քոբայր, Լաստիվեր, Օձուն, Խաշթառակ և այլն։
Դսեղում՝ Թումանյանի և Ահնիձորում՝ Մաթևոսյանի անունների հետ կապված՝ մշակել և ներդնել մշակութային-իմացաբանական ծրագիր, զարգացնել մշակութային զբոսաշրջությունը, միջազգային փառատոններ հիմնել, իրացնել կրթական ծրագրեր։
Բնապահպանական, պատմա-հնագիտական և գյուղատնտեսության՝ անասնապահության, հավաքչարարության ոլորտներում իրականացվող ծրագրերի գրավչությամբ ներգրավել համապատասխան հովեկների։
Ծրագրի իրականացման պարտադիր նախապայման է նրա իրականացման նպատակով ինտեգրված և ինտենսիվ համագործակցությունը Հայաստանի պատկան մարմինների, միջազգային, գիտամշակութային տարաբնույթ կազմակերպությունների, դոնորների, ներդնողների հետ։
Ծրագիրը աստիճանական է և երկարաժամկետ։ Նրա բաղադրիչ-սեգմենտները իրականանալի են նաև առանձնաբար՝ զուգահեռ կամ հաջորդականորեն։
ԻՀԱՐԿԵ առաջնային են և միանգամայն իրականանալի՝ գյուղերում փոքր և միջին բիզնես ծրագրերի ներդրման քայլերը։
Ծրագրի բյուջեն պրոֆեսիոնալ վերլուծության և ձևավորման կարիք ունի։
Ծրագրի իրականացման առաջնային նախապայմանը միջավայրի նախանական ձևավորումն է «Մոտկոր գոտու» ստեղծմամբ։
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈւՄԸ
Պահպանելով համայնքները, կկանխի տեղի բնակչության արտագաղթը և կխթանի նրա աճը,
Աղքատության, սոցիալական անապահովության շեմից կհեռացնի տեղի ողջ բնակչությունը կամ նրա ճնշող մասը,
Կբերի Մոտկորի գյուղախմբի, Թումանյան համայնքի, հարևան համայնքների բարգավաճմանը եվ հարստացմանը, դրանք կհամարկի Հայաստանին և արտաքին աշխարհին, միաժամանակ դրանք զերծ պահելով արտաքին անբարենպաստ ազդեցություններից,
Կկասեցնի Մոտկորի և շրջակա բնական միջավայրի հետագա ոչնչացումը,
կուսումնասիրի, կվերականգնի կամ կվերստեղծի բնական միջավայրը, այն կոնսերվացնելով կամ էապես մոտեցնելով իր նախաստեղծ վիճակին,
Փաստացի կապացուցի Հայաստանում մարդու, հանրության և միջավայրի միջև օրինակելի և էֆեկտիվ, ներդաշնակ ու կայուն, զարգացող մոդելի գոյության (գուցե և` ընդարձակման) հնարավորությունը։
Դավիթ Մաթևոսյան
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային, բարեգործական հիմնադրամի տնօրեն
2008-2022

 

4

6 / 6
6 / 6
The Woods
The Woods
facebook sharing button facebook